Thursday, 5 June 2014

Անարդար դատարան...

Մի սենյակում դեմ-դիմաց երկու մարդ են նստած` տարբեր հատկություններով ու տարբեր ակնկալիքներով: Նրանց թվում է, թե միմյանց ճանաչում են:

Ինչպես միշտ սպասում եմ, սպասում եմ, որ գաս, ու մի բաժակի շուրջ կիսենք մեր մտքերը և հույզերը ու կիսենք այն ամենը, ինչ մտածում ենք մեզ իրար է կապելու:

Գիտես` շատ անգամ ամեն ինչ սկզբում է հաջող ընթանում, ու ինձ թվում էր, որ ամեն ինչ իր հունի մեջ է ընկնում, մենք խոսում էինք առօրյա տարբեր  թեմաներից, ինչ որ մեզ հուզում էր, անցյալից ու ներկայից, մենք խոսում ու պարզաբանում էինք այն, ինչ մեր մտքում էր: Ամեն ինչ շատ հաջող էր ընթանում. տեսնում էի, թե ոնց ես ժպտում, ու ես վայելում էի այդ ժպիտը:

Մի պահ ամեն ինչ իրար անցավ, ու ես ինձ զգացի լիովին օտար միջավայրում, ու ես լսեցի
այն բառերը, որ երբեք չէի սպասում, որ մի օր գալու են, ու դիպչեն իմ ականջին, լսելու եմ, թե ոնց եմ անվստահություն ներշնչել, այս ամենից հետո լսելու եմ, թե ոնց ես ինձ մեղադրելու...

Այո’, ինձ մեղադրելու ամենափոքր հարցերում... այս ամենից հետո ես հասկացա որ քեզ մոտ ոչինչ էլ չի փոխվել... չեն բուժվել այդ վերքերը...ու ամեն անգամ հանդիպելիս ես դատապարտվում եմ կատարվածի համար: Ամեն անգամ կանգնում եմ դատարանի առջև. մի դատարան, որում չունեմ փաստաբան ունենալու իրավունք, որում դատավորը սառնասրտորեն դատում է ինձ ու մեղադրում է կատարվածի համար:

Գիտես, մեկ-մեկ երազում եմ, թե երբ է վերջանալու այս ամենը, ու երբ են վերջնականապես ինձ մեղավոր ճանաչելու...ուզում եմ ինձ մեղավոր ճանաչեն չարած իմ գործերի համար ու ինչքան շուտ իմ դատը որոշի այդ դատավորը...

Այլևս հոգնել եմ այն վիճակից, որ ամեն անգամ ինձ բանտից հանում ու տանում են դատավորի մոտ, ու ամեն անգամ լսում եմ նույն մեղադրանքները.... ինչո՞ւ վերջնականապես իմ դատը չի որոշում:

Թող որոշումը վերջնականապես կատարվի, և ես հատուցեմ այս ամենի համար, ինչ կատարել եմ:

Էլ ոչինչ չունեմ կորցնելու. միակ փաստաթղթերը, որ ապացուցում էին, թե ես որտեղից եմ եկել ու որտեղին եմ պատկանում, սառնասրտորեն իմ աչքերի առջև վառեցին: Ես տեսնում էի, թե ոնց է այրվում այդ ամենը, ինչ իմ հույսն էր, ու ինձ ինչ-որ օրեր էին հիշեցնում: Դու սառնասրտորեն վառեցիր այն, ինչ մեզ էր պատկանում՝ առանց մի պահ մտածելու, թե ուր ես գնում, ուր ես հասնելու այս ամենով:

Հիմա հանգիստ կարող ես բարձրաձայն կարդալ մեղադրանքները… հիմա  կարող ես հեշտ դատապարտել ինձ, քանի որ չկա էլ ոչ մի փաստ, չկա էլ ոչ մի բան, ամենավերջինը վառեցիր իմ աչքի առաջ:
Հիմա միայն մնացել է իմ մեջի եղած մոմը, որ լուսավորվելով կամաց-կամաց հալվում է. մեկ քայլ ևս ու կմարի ամեն ինչ: Ու խավարը կտիրի ամեն տեղ, ու էլ չես տեսնի վերջին լույսը:

Միայն մի բան կասեմ դատարանի առջև.  այս ամենը ես արեցի ոչ գիտակցաբար ու չիմանալով, թե ինչ է լինելու, իսկ դու հիմա ինձ ցավեցնում ես գիտակցաբար:

-----------------------------------------------------------------
-համագործակցեց +Lusine Saghumyan 

No comments:

Post a Comment

SIX rules to success

   And, of course, people ask me all the time, they say to me, (what is the secret to success?) 1-   TRUST YOURSELF But...